Դունհուան խորհրդավոր քաղաքը, որը գտնվում է Չինաստանի Հանսյու նահանգի հյուսիս-արեւմուտքում, հարկ է անպայման այն տեղավայրերի ցուցակում ներառել, որտեղ պետք է պարտադիր այցելել: Հարյուրավոր տարիներ առաջ Մեծ մետաքսի ճանապարհին Դունհուանն էր «բացում Երկնային դարպասները»: Հենց այստեղ էին քարավանների ճանապարհները բաժանվում Հյուսիսային ճանապարհի, որն անցնում էր ույգուրներին եւ կրղըզներին պատկանող տարածքներով, եւ Հարավային ճանապարհի, որն անցնում էր Տիբեթի եւ Աֆղանստանի տարածքներով:
Չնայած քաղաքի փոքր լինելուն, այս օազիսը, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, շարունակում է ամբողջ աշխարհից միլիոնավոր մարդկանց գրավել: Հենց այստեղ է հնարավոր այցելել հազարավոր Բուդդաների քարանձավները եւ անձամբ տեսնել կիսալուսնի ձեւ ունեցող լիճը:
Քաղաքից ոչ հեռու՝ Հոբի անապատի սահմանին է գտնվում երգող ավազների օազիսը եւ կիսալուսնի ձեւ ունեցող լիճը, որի ափին է գտնվում 18-րդ դարի հիասքանչ մեհյանը: Երգող ավազների լեռը, ինչպես այն անվանում են չինացիները, իրականում վիթխարի ավազաբլուր է, որի ամենաբարձր գագաթը հասնում է 1000 մետրի: Ասում են, որ երբ կանգնում ես բլրի գագաթին, կարելի է ֆլեյտայի մեղեդի լսել, իսկ բազմամարդ օրերին՝ որոտի ձայներ: Երգող ավազների ֆենոմենը մինչ օրս լիարժեք չի հետազոտվել, այդ իսկ պատճառով անհնար է ճշգրիտ ասել, թե հատկապես որն է այդ երեւույթի պատճառը:
Դունհուանից 25 կմ հեռավորությամբ՝ Յուեյացյուան լճի ափին է գտնվում բուդդայական տաճարների ամենամեծ համալիրներից մեկը՝ Ցյանֆոդունը, որը ժայռերի մեջ փորված քարանձավներից է կազմված: Այդ համալիրը հաճախ Մոգաո են անվանում՝ գլխավոր քարանձավի կամ «Հազարավոր Բուդդաների» քարանձավի անունով:
Մոգաոյի 492 քարանձավները նկարազարդված են գլխավորապես բուդդայական թեմաներով գունավոր որմնանկարներով: Ամենացայտուն որմնանկարները ստեղծվել են Թան դինաստիայի օրոք: Դրանք ծածկում են ամբողջ պատը եւ աչքի են ընկնում բազմազանությամբ: Հարթավայրի ամբողջ տարծքում, որտեղ գտնվում են քարանձավները, վեր են խոյանում երկնային տիրակալներին նվիրված տաճարներ, հսկայական զանգեր եւ հոգեւորականների տները:
Տաճարի համալիրը զարմանահրաշ պատմություն ունի: 366 թվականին կուսակրոն Լե Ցզուն անցնելով Մեծ մետաքսի ճանապարհով՝ տեսել է լույսի առկայծում, որից դուրս են եկել հազարավոր Բուդդաներ: Այս նախանշանից ապշահար՝ նա քարավանը լքել է եւ ուղեւորվել դեպի լիճը: Նա փորել է առաջին քարանձավը, իսկ նրա ետեւից եկել են հազարավոր ուխտավորներ, որոնք հետեւել են Լե Ցզունի օրինակին՝ ձգտելով հոգեկան հանգստության հասնելուն: Այսպես, մի քանի դարերի ընթացքում ստեղծվել են հարյուրավար հիանալի քարանձավներ, որոնք դարձել են աշխարհում բուդդայական տաճարներից ամենագեղեցիկներից մեկը:
Ի դեպ, Դունհուան այցելելու դեպքում կարելի է այցելել ոչ միայն բուդդայականների սրբավայրեր, այլեւ մասնակցել տեղի ավանդական՝ վիշապի տեսքով նավակների փառատոնին, որն ամեն տարի մայիսին է անցկացվում:
Եթե որոշել եք ճամփորդել, ապա կարող եք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայություններից: Ճամփորդության ընթացքում կապ պահպանեք հարազատների հետ, ու կիսվեք ձեր տպավորություններով:




































