Գիտնականները Քալիֆորնիայի մեձափնյա Չաննել կղզում գտել են լավ պահպանված եւ ի զարմանս իրենց՝ մամոնտի փոքր գանգ, որը կարող է լույս սփռել սառցային ժամանակաշրջանում այդ կենդանիների կյանքի, նաեւ Ամերիկա մարդու միգրացիայի վրա, հայտնում է Xata կայքը:

Mammoth Site նախագծի գիտնականները, որոնք այն հայտնաբերել են, նշել են, որ գտածոն իրենց շատ է հետաքրքրել: Դրա արտասովորությունն այն է, որ գանգը փոքր է Կոլումբա մամոնտին պատկանելու համար, բայց եւ այնքան փոքր չէ գաճաճ մամոնտի կմախքի մաս լինելու համար:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը մամոնտի տարիքը թվագրել է 13 հազար տարով: Դա նշանակում է, որ այն ապրել է գրեթե այն նույն ժամանակաշրջանում, ինչ Ամերիկայի հնագույն մարդիկ:

«Մեծ է հավանականությունը, որ մամոնտներն անհետացել են Ամերիայում մարդու հայտնվելուց շատ ավելի վաղ: Սակայն նաեւ հնարավոր է, որ մարդիկ են հրահրել նրանց անհետացումը՝ մամոնտներին որսալով: Մինչդեռ կա նաեւ երրորդ հնարավորությունը, որ սառցային ժամանակաշրջանի վերջին կղզիներում ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով սնունդի սահմանափակ պաշարների պատճառով մամոնտներն արդեն դժվար էին սնունդ հայթայթում, եւ մարդկանց հայտնվելը վերջին հարվածն է հասցրել»,- ասել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության աշխատակից Դեն Մաքսը: