Տղամարդկանց սեռական ցանկությունը որոշակի չափով կախված է լույսի աղբյուրից։ Նման եզրակացության են եկել Վիեննայի համալսարանի գիտնականները, փոխանցում է Informing–ը։
Հետազոտության հեղինակ Անդրեյ Ֆաջիոլինիի խոսքով՝ 38 կամավորների մասնակցությամբ փորձն օգնել է պարզել, թե ինչու է ձմռանը, աշնանն ու ամռանը սեռական ցանկության աստիճանը տարբեր լինում։ Նախքան այս փորձը հետազոտողները գիտեին, որ ամռանը տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի քանակն ավելի շատ է լինում, իսկ ձմռանն այն պակասում է։ Գիտնականները հետազոտության հիման վրա պարզել են, որ տղամարդկանց ցանկության վրա ոչ այնքան տարվա եղանակն է ազդում, որքան լույսի քանակը։
Փորձի մասնակիցները որոշ ժամանակ եղել են լուսարձակող պատերով սենյակում։ Այս մասնակիցների մոտ գիտնականները ֆիքսել են տեստոստերոնի քանակի աճ, որն էլ պատասխանատու է սեռական ցանկության համար։ Դրանից ելնելով՝ գիտնականները եզրակացրել են, որ սեռական կյանքում խնդիրներ ունեցող տղամարդիկ պետք է լուսավոր տարածքում ապրեն։ Տղամարդու օրգանիզմում նոյեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում տեստորստերոնի արտադրությունը դադարում է, իսկ գարնանը եւ ամռանը՝ վերականգնվում։





























