«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ալյանսը» եւս դադարեցնում են քարոզարշավը Գյումրիում:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արշակ Վարդեւանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը եւ այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին եւ մտերիմներին»:

Իր հերթին «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Մեր ողջ թիմը մեծ ցավ է ապրում Վարդեւան Գրիգորյանի որդու ողբերգական մահվան կապակցությամբ: Ամեն բան երկրորդական է դառնում, երբ մարդը հարազատ է կորցնում: Մենք կիսում ենք Գրիգորյանների վիշտը, ցավակցում ու զորակցում ենք իրենց: Ժամանակավորապես դադարեցնում ենք քարոզարշավը»:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: