Մինչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները ջերմանում են, առեւտրաշրջանառությունը 2 երկրների միջեւ 2009 թ. նվազել է 28%-ով։ Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2009 թ. հունվար-հուլիսին կազմել է 86.7 մլն դոլար, 2008 թ. նույն ժամանակահատվածի 120.4 մլն դոլարի դիմաց։ Այնուամենայնիվ, այս տարվա 7 ամիսներին 2 երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կարելի է համարել «նորմայից բարձր», հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008-ին նախորդող ոչ մի տարի 7 ամսվա կտրվածքով առեւտրաշրջանառությունը չի գերազանել 60 մլն դոլարը։ Ընդսմին` Հայաստանը գործնականում Թուրքիա ոչինչ չի արտահանում, 2 երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը տեղի է ունենում բացառապես մեկ ուղղությամբ` թուրքական լայն սպառման ապրանքների ներմուծում երրորդ երկրի միջոցով։
Հատկանշական է, որ չնայած Հայաստանը եւ Թուրքիան դեռեւս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, իսկ սահմանը մնում է փակ, մեր այդ հարեւանի հետ առեւտրաշրջանառությունն ավելի մեծ է, քան բաց սահմաններ ունեցող Իրանի եւ Վրաստանի հետ։ Այսպես, Իրանի հետ առեւտրաշրջանառությունը 2009 թ. հունվար-հուլիսին կազմել է 77.8 մլն դոլար, իսկ Վրաստանի հետ` 35 մլն դոլար։ Ներկա պահին Թուրքիային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 4.3%-ը, որն ավելին է, քան ասենք Ֆրանսիայի, Բուլղարիայի կամ Իտալիայի հետ մեր առեւտրաշրջանառությունը։




























