Նյու Յորքի Իսթ Հյուսթոն փողոցում գտնվող «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրի տանիքից ապամոնտաժել են Լենինի արձանը: BBC-ի հաղորդմամբ՝ գրեթե 5.5 մետր բարձրությամբ արձանը շենքի տանիքին կանգնած էր 22 տարի:

Ամերիկյան Curbed պարբերականի փոխանցմամբ՝ պատճառը կարող է լինել շենքի վաճառքը: Հաղորդվում է, որ Dermot Company ընկերությունն այն ձեռք է բերել 100 մլն դոլարով:

Առայժմ հայտնի չէ, թե ուր է փոխադրվելու հուշարձանը եւ արդյո՞ք այն ընդհանրապես տեղադրվելու է որեւէ տեղ:

Արձանի հեղինակը խորհրդային քանդակագործ Յուրի Գերասիմովն է, սակայն Խորհրդային Միության փլուզման պատճառով երբեք չի ցուցադրվել հայրենիքում: «Կարմիր հրապարակի» տերերից մեկն ավելի ուշ արձանը նկատել է Մերձմոսկովյան ամառանոցներից մեկի բակում եւ Ամերիկա փոխադրել: