Շահբազյան ամուսինները, որոնք իրենց երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, նամակ են հանձնել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ 34-ամյա Մանուշ Շահբազյանը, որն այսօր ընտանիքի հետ եկել էր կառավարության դիմաց` հուսով, որ նոր վարչապետը բնակարանի խնդրի լուծման հարցում կկարողանա օգնել իրենց:
«Մենք նամակ գրեցինք Կարեն Կարապետյանին, խնդրելով աջակցել մեզ՝ մի փոքրիկ անկյուն տան բնակվելու համար։ Դիմելու ենք նաեւ իրավապահներին, որպեսզի պարզվի՝ ինչի հետեւանքով ենք կորցրել տունը, ինչ փաստաթուղթ ենք ստորագրել եւ այլն»,-ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շահբազյան ամուսիններն իրենց երեք անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում: NEWS.am-ի հետ զրույցում Մանուշ Շահբազյանը պատմել էր, որ 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ ստիպված են եղել երեխայի բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից:
Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում եւ ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։




























