Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունն իրականում անհնար է: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում:
«Գործնականում դա հնարավոր է, բայց ոչ իրականում, որովհետեւ Միացյալ Նահանգները չեն ցանկանում աշխատել «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ ԻՊ-ի դեմ», - սիրիացի առաջնորդի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Ասադի խոսքով, «ԱՄՆ-ն հանձին այդ խմբավորումների շատ կարեւոր խաղաթուղթ է տեսնում» սիրիական ճգնաժամում, եւ նրանք «կարող են կորցնել այդ խաղաթուղթը, եթե սկսեն հարվածներ հասցնել «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ ԻՊ-ի գրոհայինների դիրքերին»:
«Այդ պատճառով ես չեմ հավատում, թե ԱՄՆ-ն պատրաստ կլինի միանալ Ռուսաստանին Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում», - ընդգծել է Սիրիայի նախագահը:
Նա նաեւ նշել է, որ Սիրիան շահագրգիռ չէր Հալեպի արվարձաններում մարդասիրական օգնությամբ շարասյանը հարված հասցնելու գործում, դա միայն ահաբեկիչների շահերին կծառայեր:
«Սիրիայի շահերից չէր բխում հարված հասցնել մարդասիրական շարասյան ուղղությամբ, եթե մենք գրոհեինք Կարմիր Մահիկի շարասյան վրա, դա ծառայություն կլիներ ահաբեկչական խմբավորումներին եւ կծառայեր միայն ծայրահեղականների շահերին», - հայտնել է Սիրիայի նախագահը:
Ասադի կարծիքով, Սիրիայում հակամարտությունը երկար կտեւի, որովհետեւ դրա վրա արտաքին գործոններ են ազդում:
«Երբ դուք արտաքին շատ գործոններ ունեք, որոնք չեք կարող վերահսկել, դա կշարունակվի, եւ կշարունակվի, եւ ոչ ոք չի կարող ասել, թե երբ (հակամարտությունը կավարտվի) », - հայտնել է Սիրիայի նախագահը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























