Ռուսաստանցի նախկին քաղաքական գործիչ Ալֆրեդ Կոխը, որը նախագահ Բորիս Ելցինի օրոք զբաղեցնում էր Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնը, կարծում է, որ այժմ Ռուսաստանը շարժվում է դեպի բռնապետություն: Այս մասին նա հայտարարել է Բորիս Ռայթշուստերի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է Bild-ում:

«Ռուսաստանը ներկայումս աստիճանաբար անցնում է դասական բռնապետության զարգացման բոլոր փուլերը: Այժմ Պուտինը աննախադեպ կեղտոտ եւ անազնիվ նախընտրական պայքարի մեջոցով ստացել է լիակատար վերահսկվող Պետդումա, որն, ի դեպ, ընդունակ է եւ՛ Սահմանադրությունը փոխել, եւ՛ չեղյալ համարել նախագահի վետոն»,- համոզված է Կոխը:

Նախկին փոխվարչապետի խոսքով՝ հիմա «Դուման կարող է Պուտինին ցար հռչակել, նույնիսկ եթե նա շինծու հրաժարվի»:

«Կարծում եմ, որ նա (Պուտինը) հիմա նույնքան լիիշխանություն ունի որքան Հիտլերն ուներ Ռեյխստագի հրկիզումից հետո: Հետեւաբար՝ պետք է սպասել 1933 թվականի մարտի 24-ի արտակարգ լիազորությունների մասին գերմանական ոգով օրենքների ընդունման: Առիթը հեշտ է գտնել»,- նշում է Կոխը՝ հիշեցնելով, որ 2004 թվականին նահանգապետների ընտրությունները չեղարկելու համար Պուտինը «որպես առիթ օգտագործեց Բեսլանի ահաբեկչությունը, չնայած ակնհայտ էր, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի»:

Ընդհանուր առմամբ, Պուտինին չի կարելի հավատալ ո՛չ Սիրիայի, ո՛չ Ուկրաինայի հարցերում, կարծում է նախկին քաղաքական գործիչը. «Պուտինը շատ է խոսել այն մասին, որ թե ինչ է հատկապես հասկանում ինքնիշխանություն հասկացության տակ: Եթե Պուտինն ինչ-որ բան իրեն ձեռնտու է համարում, նա ամեն ինչ կանի առանց երկխոսության եւ պայմանագրերի: Իսկ եթե ոչ մի օգուտ չունենա, ապա ոչ մի տարբերություն չկա, թե քանի փաստաթուղթ կստորագրի: Եթե այս կամ այն փաստաթուղթը նրան օգուտ չի խոստանում, նա կարող է դրանցով ձեռքերը մաքրել»,- նշել է Կոխը:

«Հիշեք հուշագիրը, որով Ռուսաստանը երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջուկային զենքից հրաժարվելու դիմաց: Այդ օրինակը բավական է հասկանալու համար, որ Պուտինին չի կարելի վստահել: Նրա հետ կարելի է միայն ուժի դիրքերից խոսել»,- ընդգծել է Կոխը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները անհրաժեշտ է հանել, բայց «միայն այն ժամանակ, երբ կկատարվեն միջազգային իրավունքի բոլոր պահանջները»: