Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պատվից ցածր է համարում խոսել Սեւանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին առնչվող թեմաների մասին. նրա գործունեության գնահատականներն էլ հորդորում է ստանալ իրավապահ մարմիններից:

«Դուք նրա աշխատանքի մասին գնահատականներ կարող եք ստանալ իրավապահներին զանգելով։ Թե ինչպիսի քաղաքապետ է, գնահատականը կլինի առաջիկայում, կիմանաք»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուդիկ Ղուկասյանին այսօր բերման ենթարկելուն:

Գեղարքունիքի մարզպետը  խիստ վիրավորվեց անգամ NEWS.am-ի այն հարցից, թե ինչից հետո են սրվել իր ու Սեւանի քաղաքապետի հարաբերությունները. «Ինձ հետ չեն կարող վատ հարաբերություններ ունենալ։ Ես արդեն  մեկ անգամ հայտարարել եմ՝ իմ պատվից ցածր եմ համարում նրա մասին խոսել»։

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Սեւանում սպասվող ընտրություններին եւ թեժ ընտրապայքարին՝ մարզպետն ասաց, որ այն ընթանում է այնպես, ինչպես մյուս մարզերում. «Ընտրությունները ընթանում են նույն ձեւով, ինչպես հանրապետության մյուս տարածքներում, եթե թեկնածուներից մեկը փորձում է  ընտրապայքարը թեժացնել, մյուսը հանգիստ աշխատում է, կարծում եմ՝ դա էական նշանակություն չունի։ Ընտրություններն ընթանում են օրենսդրության համաձայն, թե ով կընտրվի, ամեն ինչ արել ենք, որպեսզի թողնենք ժողովրդի ընտրությանը»։

Նշենք՝ Սեւանում առաջադրվել է երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին չի սատարում իշխանությունը։ Նրա մրցակիցը՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանն է, որը իշխանության պաշտպանյալն է։ Մյուս թեկնածուն անկուսակցական Արա Սմբատյանն է։

Մի քանի տարի է մարզպետի եւ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները սրված են։ Իշխանական կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի  գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ հնարավոր է՝ առաջիկայում նրա գործունեության վերաբերյալ սկանդալային բացահայտումներ լինեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Նա հարցաքննվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու մի քրեական գործի շրջանակում։ Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։