Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի կինն ու դուստրն այսօր` սեպտեմբերի 22-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կարողացան մի քանի վայրկյան շփվել Ղուկասյանի հետ, որին դատարան են բերել կալանքը երկարացնելու միջնորդության քննության համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճի դուռը մի քանի վայրկյանով բացվեց եւ Ղուկասյանը, կինն ու դուստրը բարեւեցին միմյանց:

Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը նշեց, որ ամուսինը հյուծված էր ու նիհարած: Նա ասաց նաեւ, որ միջնորդություններ են ներկայացրել, որ գոնե դստերը թույլ տան տեսակցել Ղուկասյանին, սակայն միջնորդությունները մերժվել են:

Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: