Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պատշաճ հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, ինչից հետո նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Ռուդիկ Ղուկասյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ծանուցագրի հիման վրա հրավիրվել է հարցաքննության որպես վկա, չի ներկայացել, որից հետո  եւ բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Նա գտնվել է քննչական բաժնում փաստաբանի հետ միասին»,-հայտնել են քննչական կոմիտեից։

Ավելի վաղ NEWS.am-ը հղում անելով աղբյուրներին՝ գրել էր, որ որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բերման է ենթարկվել։  Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հարցաքննվում է մի քրեական գործի շրջանակով, որը հարուցվել է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված։

Նախնական տեղեկություններով՝ անհետացել են ստորգետնյա խողովակներ, որոնք պարզվել է, որ վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։  Ի դեպ, Ռուդիկ Ղուկասյանին նախօրեին կանչել են հարցաքննության, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից հետո նրան ստիպված բերման են ենթարկել։