Քվեարկության օրը քվեաթերթիկները ընտրատեղամասերից հանելը նորություն չէ, նորությունը դրա հետ կապված զարմանքն է։ Այս մասին սեպտեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
Նրա խոսքով՝ ընտրություններին խախտումները կարելի է խմբերի բաժանել։ «Մի խումբը քվեաթերթիկները ընտրատեղամասերից հանելն է։ Առաջին հերթին՝ խոսքն այն 2 դեպքերի մասին է, երբ քվեաթերթիկները ընտրության օրը դուրս են բերվել ընտրատեղամասերից։ Դա նորություն չէ, նորությունը դրա հետ կապված զարմանքն է, քանի որ կա 2011–ին ընդունված կարգ։ Եվ այդ կարգի համաձայն՝ երբ ընտրատեղամաս է գալիս քաղաքացի, որը ոչ մի կերպ չի կարող մուտք գործել ընտրատեղամաս, ապա այդ քաղաքացու անձնագիրը փոխանցում են ընտրական հանձնաժողովի անդամներին, նրանք ճշտում են քաղաքացու ինքնությունը, հետո վստահված անձանց ուղեկցությամբ քվեաթերթիկը դուրս է բերվում, քաղաքացին քվեարկում է, եւ ծրարը նույն վստահված անձանց միջոցով նետում են քվեատուփը։
Դա, հնարավոր է, լավ լուծում չէ։ Բայց հարցը դա չէ, այլ այն, որ նշված կարգով անցկացվել է ավելի քան 1000 ընտրություն։ Միգուցե, այդ կարգը կատարյալ չէ, բայց այն, որ նման իրավական դրույթներ նախատեսվում են սահմանված կարգով, դա փաստ է։ Եվ այդ պայմաններում անհասկանալի են այդ հանգամանքի շուրջ դատողությունները, հատկապես որ խոսքը բացառապես 2 դեպքի մասին է»,– ասել է Մուկուչյանը։
Հաջորդ հարցը, շարունակել է նա, վերաբերում է ուրիշների փոխարեն քվեարկելուն: «Այդ առիթով պետք ասել, որ եզակի դեպքեր են տեղ գտել, ընդամենը 22 քաղաքացու հետ կապված: Կարելի է մեկ բան հստակ ասել՝ այդ դեպքերը մեծ մասամբ վերաբերում են հայր ու որդու, տատիկի եւ թոռնիկի, որոնք միասին են եկել ընտրատեղամաս, մեկը ստորագրել է մյուսի անվան դիմաց եւ հակառակը: Այս դեպքերում խոսել այլ քաղաքացու փոխարեն քվեարկելու մասին՝ պարզապես ծայրահեղություն է»,- հավաստիացրել է ԿԸՀ նախագահը:





























