ԱՄՆ-ը նախկինի պես ամենաբարձր մակարդակով հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Մենք հավատում ենք, որ կարգավորման գործընթացը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի շահերից»,- ասել է նա: Նրա խոսքով, ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ կողմերին համոզելու, որ համաձայնության եւ կարգավորման հանգեն:
Հարցին, հնարավո՞ր է, արդյոք, առաջընթաց ղարաբաղյան հարցում Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթաժողովում, Ֆիլիպ Քրոուլին պատասխանել է. «Այս պահին ձեռնպահ կմնամ գագաթաժողովում ճեղում արձանագրելու վերաբերյալ գնահատականներից»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ ստորագրվել էին «Երկկողմ հարաբերությունների հաստատման» եւ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» մասին արձանագրությունները, որոնք առ այսօր չեն վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:





























