Հոկտեմբերի 15-ից Հրազդանի քաղաքապետարանի մոտ մի քանի տասնյակ պտուղ-բանջարաեղեն վաճառողներ նստացույց են կազմակերպել, որը շարունակվում է մինչ հիմա: Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, որ Հրազդանում պտուղ-բանջարեղենի առեւտրով զբաղվողները բողոքի ակցիաներ են կազմակերպում  հարկային ծառայության պահանջի դեմ` աշխատել բացառապես ՀԴՄ-ներով: Նրանք դա բացատրում են նրանով, որ իրենք պտուղ-բանջարեղեն են վաճառում եւ իրենց հարմար չի ՀԴՄ օգտագործելը:

Հարկային ծառայությունը ոչ միայն հաշվի չէր առել նրանց պահանջը, այլեւ ապօրինի վաճառքի համար 3-4 առեւտրականի տուգանել էր շուրջ 1,3 մլն դրամի չափով: Հարկային ծառայությունն անգամ դիմել է դատարան եւ փորձում է այդկերպ ստանալ տուգանքի գումարը:

Առեւտրականներն իրենց հերթին դիմել են Հրազդանի դատախազություն, բողոքելով, որ իրենց ապօրինի են տուգանել: Այս ընթացքում, բողոքի ակցիաների ժամանակ, Հրազդանի հարկային ծառայության պետ Հայկ Հակոբյանին եւ նրա տեղակալին աշխատանքից ազատել են: Բողոքող քաղաքացիների պնդմամբ, ազատման պատճառն ապօրինի տուգանքներ սահմանելն է եղել, բայց պաշտոնապես որեւէ պատճառ չի նշվում:

«Մենք անցած շաբաթ դիմել ենք Հրազդան քաղաքի դատախազություն, հայտնել ենք, որ մեզ ապօրինի են տուգանել եւ պահանջում ենք չեղյալ համարել այդ տուգանքները: Այլապես մենք կշարունակենք մեր բողոքի ակցիաները, մինչեւ կամ մեր բողոքը հաշվի առնեն: Այդ մարդիկ չեն հասկանում, որ պտուղ-բանջարեղենը հնարավոր չէ վաճառել ՀԴՄ-ով»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել են Հրազդանի պտուղ-բանջարեղեն վաճառողները:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ից սկսված նստացույցը շարունակվում է հերթափոխով: Ներկայումս Հրազդանի քաղաքապետարանի առջեւ նստացույցի մասնակիցների թիվը հասնում է 30-40-ի: