Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում մեկնարկեց ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Այն կազմակերպել է Սփյուռքի նախարարությունը՝ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած, ազգությամբ հայ մոտ 45 ֆինանսիստներ:
Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հույս հայտնելով, որ համաժողովն իր «պտուղները կբերի»: Իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը համաժողովը համարեց Հայաստանի ֆինանսական կյանքում կարեւորագույն իրադարձությունը։
Երկօրյա համաժողովի ընթացքում ծրագրվում է նաեւ քննարկել ֆինանսական կրթության խնդիրները, Հայաստանի ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում Սփյուռքի մասնագիտական ներուժի կիրառման հարցերը:
Նախատեսվում է նաեւ հիմնել ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական ընկերակցություն:





























