ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն:

Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաեւ ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում:

Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60  ռազմական եւ բժշկական տեխնիկա եւ ուղղաթիռներ: Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի  աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ  համագործակցության կազմակերպում եւ այլ միջոցառումներ:

Ինքնագնահատման գործընթացը իրականացվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած եւ ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից` ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։