«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված եւ սեպտեմբերի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոցից» ազատ արձակված Քյարամ Ամոյանին ընտանիքի անդամները պատրաստվում են արտերկիր տանել բուժման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  նրա մայրը՝ տիկին Կարինեն:

Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանի մայրն ավելի վաղ հայտնել էր, որ որդուն պետք է տեղափոխեն հիվանդանոց, վիրահատեն, նա առողջական լուրջ խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Քյարամ Ամոյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա կալանքի տակ էր 2011թ. սեպտեմբերից:

2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:

Քյարամ Ամոյանի մասն առանձնացվել էր՝ հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները: