Հարձակում է կատարվել Գորիի շրջանում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Իրակլի Օքրուաշվիլիի վրա՝ պաշտպանության նախկին նախարարի վրա կրակել են, հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով «Ռուսթավի» հեռուստաընկերությանը:

Վիրավորվել են պաշտպանության նախկին նախարարի թիկնապահը եւ մի ակտիվիստ, որոնք տեղափոխվել են Գորիի հիվանդանոց, հայտնել է հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Օքրուաշվիլիին: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը 7-ին ընտրողների հետ Օքրուաշվիլիի հանդիպման ժամանակ:

«Երկու անհայտ անձ եկել են մեծամասնական թեկնածուի հետ հանդիպմանը, թե ինչ էին ուզում՝ անհայտ է: Այնուհետեւ նրանք սկսել են վիճել բնակչության հետ: Հետո նա հանել է զենքը եւ սկսել կրակել Իրակլի Օքրուաշվիլիի եւ մեր վրա: Երկու մարդ վիրավորվել է, նրանք հիվանդանոց են տեղափոխվել, բժիշկների խոսքով՝ նրանց վիճակը կայուն է»,- հեռուստաընկերության եթերում ասել է Օքրուաշվիլիի ընտրական շտաբի ներկայացուցիչը: Իրավապահ մարմինները միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն չեն տվել: