«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դեռ չի քննարկել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ համագործակցության հարցը, որպեսզի Վանաձորի քաղաքապետ նշանակելու հնարավորություն ստանան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Միաժամանակ, պատգամավորն ընդգծել է, որ կուսակցությունը իշխող Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու խնդիր չի դրել:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի առաջարկին՝ Վանաձորում միավորվելու մասին, նա նշել է. «Այս պահին ես կխուսափեի այդ հարցին պատասխանելուց: Մենք մեկ-երկու օրում ամբողջությամբ կամփոփենք բոլոր տվյալները եւ մեր եզրակացությունները: Այժմ բողոքներն են դիտարկվում, մենք հանրագումարի կբերենք եւ կկարողանանք ներկայացնել մեր վերջնական տեսակետը»,- ընդգծել է Մհեր Շահգելդյանը:

«Այդ բոլոր գործոններն ամփոփելով՝ մեր տեսակետը կհայտնենք: Մեր խնդիրը Վանաձորը զարգացնելն է: Վանաձորը գիտատեխնիկական եւ ինժեներական կադրերի քաղաք էր: Վանաձորում գործում էին արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, եւ ներկայիս իրավիճակը պարզապես ստորացուցիչ է»,- նշել է Շահգելդյանը:

Նա դրական վերաբերմունք ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նկատմամբ, քանի որ վերջինա արժանացել է Վանաձորի քաղաքացիների վստահությանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները միավորվել են, որպեսզի Վանաձորի քաղաքապետ նշանակելու հարավորություն ստանան: