Կան արջի ծառայություններ, որոնք մատուցողները ուզում են օգտակար լինել ինչ-որ հարցեր լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 292 համայնքներում լինեն ընտրություններ, միայն Վանաձորում ու Գյումրիում ավելի քան 400 թեկնածուներ, միայն այս երկու քաղաքում 42 հազար ընտրողներ, նման մասնակցության պարագայում հնարավո՞ր է չլինեն նման երեւույթներ»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ե թե միջադեպեր են լինում, պիտի մեղավորները պատասխանատվություն կրեն. «Բազմիցս ասել ենք՝ կան արջի ծառայություններ, որոնք ցուցադրական են պահում իրենց, որ իրենք ջատագով են, ուզում են շատ օգտակար լինել ինչ-որ հարցեր լուծելու համար, մենք դրան շատ վատ ենք վերաբերում»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաղդասարյանը նշել է, որ այս ընտրությունները 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հայելին էր:

Ինչ վերաբերում է Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի ահազանգերին, որ իշխանության պաշտպանյալ թեկնածու Սարգիս Մուրադյանը ընտրակաշառք էր բաժանում, Բաղդասարյանն ասել է. «Կոնկրետ ֆիքսվե՞լ են նման դեպքերը: Եթե այո, ուրեմն պատասխանատվություն կկրեն,նույն ահազանգերը եղել են այլ կուսակցությունների հետ կապված: Եթե նման երեւույթների փորձ եղել է, կանխարգելվել են»,-ասել է պատգամավորը: