«Արարատ Նյուզ» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի բջջային հեռախոսը կոտրելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ. Ա-ի կողմից Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շ. Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ լրագրողի բջջային հեռախոսը կոտրել էին կոտրել էին Վանաձորի 30/47 ընտրատեղամասի մոտ։ Շողիկ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ նկարահանում էր ընտրատեղամասի մոտ մի կնոջ առաջացրած կուտակումը, երբ նա մոտեցել է իրեն, վերցրել հեռախոսն ու կոտրել:
«Այդ կինն առավոտյան ժամը 9-ից ընտրատեղամասում էր, փորձում էր ուղղորդել ընտրողներին: Մի պապիկի բերեց ընտրության, օգնեց, որ ընտրի, իսկ երբ ցանկացա զրուցել այդ պապիկի հետ, թույլ չտվեց, հեռացրեց նրան: Հետո անընդհատ վեճի ձայներ էի լսում դրսից, որոնց հեղինակը նույն կինն էր: Երկու ժամ հետո դուրս եկա, տեսա, որ նա նաեւ ինչ-որ կուտակումների հեղինակ է. մարդիկ էին հավաքված ինչ-որ մեքենայի մոտ: Երբ նկարում էի, այդ կինը վազելով եկավ, ճանկեց ինձ, իսկ հեռախոսը խլեց ձեռքիցս ու կոտրեց»,- պատմել է լրագրողը:
Հիշեցնենք, որ թիվ 30/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, մեր թղթակցին ասել էր, որ վերոնշյալ կինը Հանրապետական կուսակցության վստահված անձ Ռոման Ավագյանի մայրն է:




























