Հունգարիայում անցկացված հանրաքվեի արդյունքները ծանրակշիռ փաստարկ են Վիկտոր Օրբանի կառավարության համար, բայց նաեւ ազդակ՝ Եվրոպայի համար: Միգրանտների տեղաբաշխման պարտադիր քվոտաների հարցով Հունգարիայի հանրաքվեի արդյունքները համատեղ մամուլի ասուլիսում այսպես են մեկնաբանել Լեհաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարներ Վիտոլդ Վաշչինսկին եւ Բերտ Կունդերսը:

Ըստ Լեհաստանի ռադիոյի՝ Վաշչինսկին նշել է, որ ցանկացած ժողովրդավարական կառավարություն իրավունք ունի կարեւոր հարցերի շուրջ խորհրդակցել հանրության հետ: Պաշտոնյայի խոսքով՝ փախստականների հսկայական ալիքը ոչ միայն մարդասիրական, այլեւ անվտանգության խնդիր է: «Կարծում եմ՝ սա ազդակ է Եվրոպայի համար, թե ինչպես է հանրությունը՝ ոչ միայն հունգարական, այլ ընդհանրապես եվրոպական, ընկալում այդ խնդիրը»,- ասել է լեհ նախարարը:

Հիշեցնենք, որ Եվրամիության երկրներում փախստականների պարտադիր տեղաբաշխման հարցով Հունգարիայում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկության մասնակիցների 98%-ը դեմ է արտահայտվել, որպեսզի Եվրամիությունը որոշում կայացնի փախստականների պարտադիր տեղաբաշխման հարցով, սակայն հանրաքվեին մասնակցությունը չի գերազանցել 43%-ը՝ անհրաժեշտ 50%-ի փոխարեն, ինչի հետեւանքով այն անվավեր է ճանաչվել: