Հունգարիան պարտավոր է Եվրամիության քվոտաներով փախստականների ընդունել՝ չնայած երկրում այդ հարցով անցկացված հանրաքվեին: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Բրյուսելը հարգում է հունգար ժողովրդի ժողովրդավարական կամքն ու ի գիտություն ընդունում քվեարկությունը, սակայն հանրաքվեի ցածր մասնակցության պատճառով այն իրավաբանորեն անվավեր է ճանաչում:
Իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Հունգարիայում անցկացված հանրաքվեն: Twitter-ում նա գրել է, որ «Եվրամիությանը երկխոսություն է հարկավոր՝ որոշումները փոխանցելու համար, այլ ոչ արհեստական լարվածության ստեղծում»:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրներում փախստականների պարտադիր տեղաբաշխման հարցով Հունգարիայում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկության մասնակիցների 98%-ը դեմ է արտահայտվել, որպեսզի Եվրամիությունը որոշում կայացնի փախստականների պարտադիր տեղաբաշխման հարցով, սակայն հանրաքվեին մասնակցությունը չի գերազանցել 43%-ը՝ անհրաժեշտ 50%-ի փոխարեն, ինչի հետեւանքով այն անվավեր է ճանաչվել:





























