Ռուսաստանի իշխանությունները պետք է երկրի տնտեսությունը նախապատրաստեն «նավթի եւ գազի դարաշրջանի» ավարտին: Ըստ ՌԲԿ-ի՝ այս մասին հայտարարել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:
ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարարը նշել է, որ նավթի եւ գազի պաշարները, որոնք Ռուսաստանի «մոնոարտադրանքն» են դարձել, կարող են շուրջ երկու տասնամյակ անց սպառվել:
«Մենք խոսում ենք այն մասին, որ այդ մոնոարտադրանքը կարող է ավարտվել: Իմ կարծիքով՝ դա տեղի կունենա մոտավորապես 2028-2032 թվականներին, երբ, ըստ իս, իմ զգացողությունների, ըստ միտումների, որոնք այսօր տեսնում ենք, նման գերհումքային փուլի կրկնություն չլինի: Հարկավոր է պատրաստվել դրան»,- «Պոզներ» ծրագրի եթերում հայտարարել է Գրեֆը:
Նա նաեւ զգուշացրել է, որ այդ վիճակից ելքը տնտեսության համար ցավագին է լինում, բայց կարող է օգնել բարելավել տնտեսական աճի որակը: «Հարկավոր է խոսել նոր դինամիկա ձեռք բերելու մասին, այն մասին, որ պետք է տարբերակենք տնտեսությունը: Այդ մասին հիմա բազմաթիվ մարդիկ են մտածում: Փորձագետներն այդ մասին վաղուց են խոսում եւ, ինձ թվում է, իշխանության գլուխ կանգնած մարդիկ այսօր արդեն բավական լավ են պատկերացնում այդ իրավիճակը»,- նշել է Գրեֆը:




























