ԵԱՀԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների վարքը։

Turan–ին եւ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Բայերը զարմանք է հայտնել Իլհամ Ալիեւի՝ իր հասցեին արած հայտարարության կապակցությամբ, թե ինքն  է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու գլխավոր մեղավորը։ «Այդ մեղադրանքներն անհիմն են։ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցումը, ցավոք, տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության պահանջով։ Դա կարուստ է եւ՛ Ադրբեջանի կառավարության, եւ՛ ժողովրդի համար»,– ասել է Բայերը։

Բայերը «ծիծաղելի» է որակել այն պնդումները, որ ինքն է ճնշում գործադրել Ֆրանսիայի կառավարության վրա ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Աելքսիս Շահթահթինսկուն հեռացնելու համար համար։ «Դա ճիշտ չէ։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն ինքն է որոշում ընդունում իր անձնակազմի մասին, առանց Դանիել Բայերի հետ խորհրդակցելու։ Բանն այն է, որ ԱՄՆ–ը եւ այլ պատվիրակություններ պաշտպանում են առաքելությունների այն ղեկավարներին, որոնք շփումներ ունեն ոչ միայն իշխանության, այլ նաեւ քաղաքացիական հասարակության հետ»,– ասել է Բայերը։

Ինչ վերաբերվում է Շահթահթինսկու վերադարձի համար Ալիեւի ներկայացրած պայմաններին, ապա Բայերի խոսքով՝ դա անտեղի է։

«Ադրբեջանը պետք է պատրաստակամություն դրսեւորի ԵԱՀԿ–ի  հետ համագործակցության համար։ Եթե ադրբեջանական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ գործունեության վերականգնմանը, ԱՄՆ–ը շատ ակտիվորեն կաջակցեր դրան»,- հիշեցրել է Բայերը եւ հավելել, որ եթե Ալիեւը կարծում է, թե ինչ–որ բան է պարտական Շահթահթինսկուն, ապա կարող է դա քննարկել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։

Պատասխանելով Սահմանադրական հանրաքվեի մասին հարցին՝ Բայերը նշել է, որ կիսում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբեջանը ընտրական ժողովրդավարություն զարգացնելու համար, դիվանագետն ասել է. «Ադրբեջանը կազմակերպության բոլոր անդամների նման պարտավորվել է հրավիրել ԺՀՄԻԳ–ին մշտադիտարկման համար։ ԺՀՄԻԳ–ը առաջնակարգ մակարդակի ոսկյա չափանիշներ եւ մեթոդներ ունի։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը մոտ 50 օրից կժամանի ԱՄՆ նախագահական ընտրություններին հետեւելու համար։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պետք է նախապես համագործակցի ԺՀՄԻԳ–ի հետ, որպեսզի ապահովի ընտրությունների անցկացումը համապատասխան մեթոդներով»,– ասել է Բայերը։