Վանաձորի տնակային ավանում բնակվող Կոշտոյանները կոմունալ հարմարություններ չունեցող, կիսախարխուլ տանը մեծացնում են մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ) հիվանդ 18-ամյա Մանանային:

«Տունը երկու փոքր սենյակ ունի ընդամենը: Անձրեւաջրերը լցվում են տնակի տակ, հատակ չունի նորմալ, տակը առնետներ են, կրծում, ծակում դուրս են գալիս: Մի քանի տարի առաջ էլ հիվանդ թոռնիկիս կծել էին: Ոչ մի կոմունալ հարմարություն չկա, ջուրն ուրիշ տեղից դույլերով ենք բերում»,- NEWS.am-ին պատմեց ընտանիքի տատիկը՝ Փեփրոնե Կոշտոյանը՝ նշելով, որ արդեն 25 տարի է՝ այդ տանն են ապրում, տուն տրամադրելու խնդրանքով դիմել են քաղաքապետարան, սակայն անարդյունք: 

Տիկին Փեփրոնեն էլ, դուստրն էլ աշխատում են, որ կարողանան գոնե հացի գումար աշխատել Մանանայի եւ նրա կրտսեր քրոջ համար: Այլ ծախսերի համար, սակայն, գումարը չի բավականացնում: Քայլել չկարողացող Մանանան արդեն երկար ժամանակ է՝ սայլակ չունի:

«Սայլակ ուներ, որն արդեն հնացել է, մաշվել, փոքրացել է իր համար»,- ասաց երեխայի տատիկը, որը դստեր հետ է խնամում երեխաներին:

Մանանային ժամանակին ունեցած նույն սոցիալական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել Երեւան՝ վերականգնողական բուժման տանել:

Փեփրոնե Կոշտոյանի հեռախոսահամարն է՝ 093 71 61 14: