ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարում հարցը, թե հրաժարականի դիմում ներկայացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի փոխարեն ԲՀԿ ցուցակից ով է դառնալու պատգամավոր:

«Երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի իր մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք Կիկոսի մահը չսարքենք, մենք անգամ չենք էլ քննարկում նման բան, որովհետև…»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց. «Որովհետև ես չեմ հավատում, որ նա իրոք հրաժարական կտա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ուրիխանյանի հրաժարականի դիմումը Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության հետ է կապված, որ ովքեր ԲՀԿ մանդատով են դարձել պատգամավոր, բայց այսօր ԲՀԿ-ից չեն, պետք է մանդատը վայր դնեն, նա պատասխանեց. «Ես նախ ասել եմ, որ ԱԺ կանոնակարգը պետք է մշակվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար: Հասկանալի է, որ նոր կանոնակարգը, որը կքննարկվի դեպտեմբերից ոչ շուտ, գործելու է 2017-ի դեպքում: Երկրորդը, ես խնդրում եմ Ուրիխանյանի հետ կապված բոլոր հարցերով դիմեք Ուրիխանյանին: ԲՀԿ-ն սովոր է աշխատել կոնկրետ փաստերի հետ, 15 օր ժամանակ կա ըստ ընթացակարգի: Մենք նման հարց չենք քննարկել և չենք էլ քննարկի, որովհետև ես չեմ հավատում, որ ինքը հրաժարական կտա»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակել է Տիգրան Ուրիխանյանի հրաժարականի դիմումը:

Պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում  ընդունված: