ՌԴ Պերմի երկրամասի գյուղական դպրոցներից մեկում ուսուցչուհու եւ առաջին դասարանի աշակերտի միջեւ կոնֆլիկտ է ծագել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է «Հանուն Պերմի երկրամասում երեխաների կրթության իրավունքի» ՀԿ նախագահ Աննա Կուլիկովան։

Նա պատմել է, որ երեխայի ծնողների խոսքով՝ այն բանից հետո, երբ երեխան հրաժարվել է վճարել դպրոցում վաճառվող տետրերի համար, ուսուցչուհին սկսել է ծաղրել նրան։ Աշակերտը բողոքել է, որ ուսուցչուհին կոպտում է իրեն եւ հարվածում օրագրով։ Բողոքելուց հետո ծնողները երեխային ձայնագրիչ էին տվել, որպեսզի նա ձայնագրի դասաժամի ընթացքը։ «Ձայնագրության մեջ լսվում է, որ ուսուչուհին տղային նկատողություն է անում այն բանի համար, որ վերջինս կրծում է եղունգները, եւ առաջարկում է իր եղունգներն էլ կրծել։ Ընդ որում, երեխան պնդում է, որ ուսուցչուհին դա ասելիս մատները խցկել է իր բերանը»,– հավելել է իրավապաշտպանը։

Կուլիկովան նշել է, որ եթե այդ տետրերը հաստատված են դպրոցական ծրագրով, ապա պետք է անվճար տրամադրվեն, իսկ եթե հաստատված չեն, առհասարակ չպետք է հայտնվեն դպրոցում։

Երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն եւ դատախազություն։