ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բավականին համակրելի մարդ է երեւում, բայց Հայաստանում իրավիճակ փոխելու համար, որը խրված է կոռուպցիայի մեջ, ահավոր տնտեսական անկում, մեծացող արտաքին պարտք ունի, հարկավոր է նպատակ ունեցող էնտուզիաստների թիմ, որն ինչ-որ առումով նաեւ ինքնազոհության է գնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Արդյոք Կարեն Կարապետյանն այդ անձնավորությունն է, որն ունեցել է այդ տեսլականը: Գուցե քողարկված եղել է, չի ասել, բայց մենք գոնե ինչ-որ իմաստով պետք է լսած լինեինք նրա մտահոգությունները: Ես այդ մտահոգությունը նրա մեջ չեմ տեսել: Կարեն Կարապետյանը շատ լավ տնտեսագետ է, տեխնոլոգ է, սակայն դա բավարար չէ թռիչքի համար, իսկ Հայաստանին թռիչք է պետք»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը համակարգային փոփոխությունների ցանկություն ունենա, այստեղ էլ հռետորական հարցեր են առաջանում.«Արդյոք նա ազատ է իր որոշումները կայացնելու մեջ, արդյոք նա ունի այդ «քարտ բլանշը», արդյոք կառավարությունը կազմեց ինչպես ինքն էր ուզում: Նախարարներ կան, որ անձեռնմխելի են, նախարարներ կան, որ ինչ-որ պայամանվորվածությունների արդյունքում են այդտեղ հայտնվել: Արդյոք նա ունի այն հենարանը ԱԺ-ում, որ եթե ուզում է բան փոխել, այդ հենարանն ունենա: Իհարկե՝ ոչ: Նման բարեփոխումներ անելու համար այդ համակարգի ամենակարեւոր կետերին պետք է կպչեր, իսկ դա հնարավոր չէ»:

Իշխանյանը կարծիք հայտնեց, որ ազատ մրցակցության ապահովման համար քաղաքական կամքը կարեւոր է, բայց բավարար չէ, պետք է ունենալ նաեւ անկախ դատական համակարգ, ինչը չկա:

Անդրադառնալով նրան, թե այդ դեպքում ինչի՞ համար էին այս փոփոխությունները, Իշխանյանը արձագանքեց. «2014-ից Հայաստանը մտավ մի փուլ, երբ Սերժ Սարգսյանը մտածում էր իր իշխանությունը երկարաձգելու մասին: Այդ համատեքստում սահմանադրական փոփոխություններ եղան: Սկսեցին չեզոքացնել արտաքին վտանգները: Առաջին վտանգը Գագիկ Ծառուկյանն էր, որը ջախջախվեց 2015-ին: Հաջորդ վտանգը նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանից, որն ինչ-որ չափով նաեւ ԲՀԿ էր, բայց ՀՅԴ-ին կոալիցիա մտցնելով հանեց այդ ուժը Քոչարյանի կողքից: Տվեց պաշտոններ նաեւ իր կարծիքով Քոչարյանին հավատարիմ մարդկանց, ու հիմա մնաց ներքին հակառակորդը: Իսկ ներքին հակառակորդը Հովիկ Աբրահամյանն էր, որը հավակնություններ ուներ: Այս բոլոր փոփոխություններով նա հեռացրեց Հովիկ Աբրահամյանին»: