«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա են իրականացրել սկզբում նախագահի նստավայրի դիմաց, ապա երթով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը. «Մենք պատգամավորներից պահանջում ենք, որպեսզի գործարանի վերագործարկման հարցը բարձրաձայնեն ամբիոնից, լուծումներ պահանջեն, որոշեն գործարանի ճակատագիրը»,-ասացին նրանք:

Ցուցարարները վանկարում էին «Նաիրիտ-աշխատանք»: Նրանց ձեռքին կան պաստառներ. ««Նաիրիտն» իմ տունն է», «Նաիրիտցիների պարտքի մարում»:

Նախագահի նստավայրում բողոքի ակցիայի երկու մասնակիցների ընդունել են: Նրանց հայտնել են, որ Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարը կուսումնասիրի հարցը, իսկ առաջիկայում նաիրիտցիներին կընդունի ՀՀ վարչապետը:

Նաիրիտցիները պատրաստվում են հինգշաբթի օրը հավաքվել կառավարության շենքի դիմաց, քանի որ այդ օրը Սլովակիայից ներդրող է գալու: