Երեւանում հոկտեմբերի 3-ից 4-ը կայացել է Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG) թվով տասներկուերորդ ամենամյա RIPE NCC տարածաշրջանային համաժողովը:

«Որպես ENOG / RIPE NCC տարածաշրջանային համաժողովի պլատինե հովանավոր ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել առաջատար միջազգային եւ տարածաշրջանային փորձագետներին, ցանցային օպերատորներին, ծառայություններ մատուցողներին, ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին, մի խոսքով՝ մեր բոլոր գործընկերներին։ Այստեղ փորձի փոխանակման, ինտերնետ-համայնքի թե՛ տարածաշրջանային, եւ թե՛ միջազգային մակարդակի կարեւորագույն խնդիրների քննարկման համար փայլուն հնարավորություն է ստեղծված։  Քննարկման առանցքային թեմաներից մի քանիսը վերաբերում են նախեւառաջ ազատ եւ անվտանգ մուտքին  դեպի համացանց», - նշեց Ucom  ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

«Այսօր անվտանգության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ երկրի մակարդակով: Դրանք այնքան են գլոբալացել, որ լուծում կարող են ստանալ բացառապես միջազգային համագործակցության ու մեր ակտիվ մասնակցության արդյունքում», - կարծում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ՝ Սամվել Մարտիրոսյանը:

Քննարկման երկու օրերի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մի շարք կարեւոր թեմաների. ինչն է հնարավոր դարձնում DDoS-հարձակումները եւ ինչպես պայքարել դրանց դեմ; անցումը դեպի ինտերնետ պրոտոկոլի 6-րդ տարբերակ՝ IPv6, որը կոչված է լուծել այն բոլոր խնդիրները, որն ունի ներկայիս՝ IPv4 տարբերակը եւ որն արդեն ներդրված է Ucom ընկերության կողմից; գործակցությունը գիտական հանրության հետ; կոնվերգենտ առաջարկների պայմաններում DNS-տեխնոլոգիաների նոր հնարավորությունները եւ այլ խիստ մասնագիտական, սակայն վերջնական օգտագործողի համար չափազանց կարեւոր խնդիրներ, որոնք պետք է ապահովեն ինտերնետի անվտանգությունն ու հասանելիությունը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում:

«Այս համաժողովը մինչ այդ տեղի է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, որոնցից են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, իսկ այժմ նաեւ՝ Հայաստանը: Հանդիպման սրահում հավաքվել են ոլորտի 200 գիտակներ, ովքեր ունակ են գործնական քայլեր առաջարկել իրական բարեփոխումների համար», - ասել է RIPE NCC համաժողովի հանրային կապերի պատասխանատու՝ Սերժ Ռադովչիչը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ տրասպորտի, կապի եւ ՏՏ նախարար՝ Վահան Մարտիրոսյանը եւ ամերիկյան ինտերնետի ռահվիրա, մի շարք RFC-ների (Request for Comments) ու Unix ծրագրային ապահովման մի քանի համակարգերի հեղինակ՝ Փոլ Վիքսին: