Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առեւտրի եւ ներդրումների բնագավառներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար եւ այդ համատեքստում առանձնակի կարեւորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը:
Հանդիպմանը ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարների շուրջ:




























