Վաշխառուի պատճառով տնից զրկված Շահբազյաններին Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղից բռնի ուժով հանելու ժամանակ նրանց Երեւանյան հիվանդությամբ տառապող տղան վախեցել է:  NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը` տիկին Մանուշը, նշեց, որ տղան վախենալու պատճառով չի կարողանում գիշերները քնել, անընդհատ քնից վեր է թռնում:

«Ինչի՞ համար տղես անընդհատ պետք է քնից արթնանա ու գոռա` մամայիս չխփեք, մամաս մեղքա: Երեխան տեսել է, որ գալիս են մեզ քաշքշում են, ուզում են հանեն տարածքից ու վախեցել ա: Թող հաշվի առնեն, որ մեզ հետ կան նաեւ երեք անչափահաս երեխաներ, գոնե մի փոքր անկյուն տան, ապրենք»,-ասում է տիկին Մանուշը:

Տիկին Մանուշը նաեւ նշեց, որ տունը կորցնելու պատճառով 5 հոգանոց ընտանիքը զրկվել է նաեւ 30 հազար դրամ նպաստից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորքի հանրակացարաններից մեկի նկուղում բնակվող Շահբազյանների 5 հոգանոց ընտանիքին սեպտեմբերի 29-ին փորձել են բռնի ուժով դուրս հանել տարածքից:

Շահբազյան ամուսինները, իրենց երեք անչափահաս երեխաների հետ ապրելու տեղ չունեն: Մանուշ Շահբազյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենց 10-ամյա տղայի` Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ նրանք ստիպված են եղել նրա բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից: Նա նշել էր, որ այժմ ամուսնու եւ 8, 10 եւ 13 տարեկան երեխաների հետ բնակվում են հանրակացարանի շենքում գտնվող նկուղում, որտեղից իրենց նույնպես դուրս են հանում: