Պենտագոնը կշարունակի ուշադիր հետեւել Սիրիայում նոր սարքավորումների տեղադրմանը, հատկապես եթե դա առնչվում է կոալիցիոն ուժերի շահերին: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը՝ մեկնաբանելով Սիրիայում ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի տեղադրումը:

«Կցանկանայի ընդգծել, որ խոսքը «երկիր-օդ» համակարգի մասին է: Որքան ինձ հայտնի է, Ռուսաստանը պնդում է, որ իր գլխավոր նպատակը Սիրիայում ԻՊ-ի եւ «Ան Նուսրա»-ի դեմ պայքարն է: Այդ խմբավորումներից ոչ մեկն ավիացիա չունի: Հարց է առաջանում. այդ դեպքում նրանց ինչի՞ն է պետք այդ համակարգը»,- ասել է Քուքը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի «թռիչքային անձնակազմերն ինքնապաշտպանության լիարժեք իրավունք ունեն»: «Մինչեւ հիմա մեզ հաջողվել է սիրիական երկնքում գործողությունների հետ կապված խնդիրները լուծել «Փոխըմբռնման մասին հուշագրի» օգնությամբ, նույնիսկ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պայմաններում, եւ կարողացել ենք խուսափել սխալներից: Հույս ունենք, որ դա կհաջողվի նաեւ ապագայում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: