«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հերքում է, որ Վանաձորի իրենց թեկնածուն՝ Արկադի Փելեշյանը, նախօրեին մարդ է ծեծել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «Ժամանակ» թերթի՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, երեկ երեկոյան դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Գրիգորյանը զննվել է եւ գնացել տուն:

«Ռաֆիկ Գրիգորյանը չի հոսպիտալացվել, ստուգվել է ընդունարանում եւ գնացել տուն»,- հայտնեցին Վանաձորի հիվանդանոցից՝ հրաժարվելով նշել՝ արդյոք բռնության հետքեր կամ կապտուկներ եղել են Գրիգորյանի մարմնի վրա, թե ոչ: