ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը Ռուսաստանին համեմատել է արջի հետ, սուր քննադատել է Սիրիայում այդ պետության գործողությունները։ «Ռուս արջը երբեք չի մեռնում, այն միայն քուն է մտնում»,– ասել է Փենսը Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Թիմ Քեյնի հետ բանավեճի ժամանակ։
Նա նաեւ կոչ է արել Սիրիայում «անվտանգ գոտիներ» ստեղծել, ուժով պատասխանել Սիրիայում Ռուսաստանի սադրանքներին եւ կազմակերպել Ռուսաստանի դեմ հակահրթիռային պաշտպանություն Չեխիայում եւ Լեհաստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ռուսաստանի սադրանքներին պետք է պատասխանել ԱՄՆ ուժով։ Եթե Ռուսաստանը շարունակի բարբարոսական հարձակումները Հալեպում քաղաքացիական անձանց վրա, ԱՄՆ–ը ստիպված է լինելու պատրաստ լինել օգտագործել իր ռազմական ուժերը Ասադի ռեժիմի ռազմական թիրախներին հարվածելու համար»,– ասել է նա։




























