Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը։ Հերթական օրինակը Բաքվի բնակիչ Արազ Օրուջեւի հետ կատարվածն է։

Բաքվի բնակիչը մեկ տարի քննչական մեկուսարանում է անցկացրել հանցագործության համար, որը չէր կատարել, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը։

2015–ի մայիսի 8-ին ոստիկանները Արազ Օրուջեւին ձերբակալել էին կողոպուտի  մեղադրանքով։ Ձերբակալվածը հրաժարվել էր ընդունել իր մեղքը։ Այդ ժամանակ քննիչները սկսել էին ծեծել նրա։ Տուժածի խոսքով՝ ինքը ոստիկաններին ասել էր, որ իրեն կարող են ծեծել, որքան ուզում են. ինքը չի վերցնի հանցագործության պատասխանատվությունը, որը չի կատարել։ «Հետո նրանք սկսեցին հանել շորերս։ Հանեցին անդրավարտիքս եւ սկսեցին լուսանկարել։ Նրանք ասացին, որ ինձ ամեն դեպքում կալանավորելու են, իսկ իմ մերկ լուսանկարները կուղարկեն բանտ։ Այդ ժամանակ ես համաձայնեցի ստորագրել խոստովանությունը։ Կողոպտված բնակարաններից մեկի սեփականատերը եղել է ոմն Ալի, որը ոստիկանապետի համադասարանցին էր։ Նա նույնպես ինձ զրպարտել է»,– ասել է Օրուջեւը։

Նրա խոսքով՝ ոչ մի հետաքննություն չի ընթացել։ «Մի քանի անգամ ինձ այցելեց քննիչը, որն ասաց, թե գործն իմ վրա են բարդել եւ ինձ ազատ չեն արձակի»,– ասել է նա։

Սակայն մեկ տարի անց իրական հանցագործներին բռնել էին, որոնք խոստովանել էին մեղքը։ Բայց պարզվել է, որ այդ ընթացքում խաբեբաները գումար են շորթել Օրուջեւի մորից՝ դրա դիմաց խոստանալով ազատ արձակել որդուն։ Մայրը չնչին գնով վաճառել էր բնակարանը, որպեսզի գումար ունենա որդուն օգնելու համար։

Հիմա Ազար Օրուջեւը պատրաստվում է դատի տալ ոստիկաններին ապօրինի կալանքի համար։ Նրա մայրն էլ դիմել է դատախազություն խարդախության դեմ բողոքով։ Նրանից գումար շորթած չարագործներից մեկն արդեն ձերբակալվել է։