«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար կալանավորված եւ սեպտեմբերի 28-ին ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը չի ընկճվել, նա շարունակելու է իր պայքարը` հանուն արդարության: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Իմ հետագա պայքարին կալանավորումը խոչընդոտ չի լինելու: Այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, դրանք բարձրաձայնելու համար, չեն կարողանալու խոչընդոտել ինձ: Մինչ այս, եթե իմ պայքարը կրել է խորհրդատվական բնույթ, եթե ահազանգել եմ խնդիրների մասին, որոնց հանդեպ իշխանություններն անտարբեր մնացին, այժմ ես պայքարելու եմ»,-ասաց նա:

Մհեր Մազմանյանը նշեց, իրեն ձերբակալել են հուլիսի 24-ին` իրենց բակից` պատճառաբանելով, որ հեռախոսազրույց է ունեցել «Սասնա ծռերի» անդամների հետ, որի ընթացքում խոսել է իշխանությունների դեմ իրականացվող կանկրետ քայլերի մասին, որը չի համապատասխանում իրականությանը. «Ինձ ձերբակալել են հուլիսի 24-ին` հենց մեր բակից եւ 29 ին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Ես իմ մեքենան վաճառում էի, սոցիալական խնդիրներ ունեի, զանգեցին ասացին` մեքենադ առնել ենք ուզում, գնում եմ ու ձերբակալում են: Իմ ընտանիքի հետ կապը եղել է 25 օր հետո, այդ ընթացքում տարել են ՔԿՀ-ի պետի մոտ, որտեղ ինձ տեղեկացրին, որ ընտանիքիս բնակարանից հանում են` վարձավճարի պատճառով: Այսինքն հոգեբանական ճնշում էին գործադրում իմ նկատմամբ: Բայց ես 65 խցում եմ եղել, իմ անձի հանդեպ շատ լավ, դրական մոտեցում է  եղել խցի տղաների կողմից»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, եւ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Մհեր Մազմանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» խմբին օժանդակելու մեջ: