«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար կալանավորված եւ սեպտեմբերի 28-ին Մհեր Մազմանյանի 14 եւ 16 տարեկան տղաների դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մհեր Մազմանյանը` նշելով, որ իր անչափահաս տղաները կասկածվում են գողություն կատարելու մեջ:

«Ես ընտանիքիս հետ 23 տարի ապրել եմ Քաշաթաղում: Այնտեղ ունեմ տուն, որը տվել եմ վարձակալության: Իմ երկու տղաները հուլիսի 12-15-ը եղել են այդ տանը եւ իբր այդ տանն ապրող ընտանիքի 6 տարեկան երեխան ցուցմունք է տվել տղաներիս դեմ` իբր 80 հազար դրամ գումար են գողացել, որը իրականությանը չի համապատասխանում: Սա անգամ ծիծաղելի է»,-ասաց նա:

Մհեր Մազմանյանը նշեց, որ իր տղաների դեմ քրեական գործի հարուցումն իր վրա հոգեբանական ճնշում գործադրելու տարբերակ է. «Ավագ տղայիս` Տիգրանին էլ էին ձերբակալել, էլի իմ նկատմամբ ճնշում գործադրելու համար: Բայց այս անգամ շատ ծիծաղելու քայլի են գնացել»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, եւ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Մհեր Մազմանյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» խմբին օժանդակելու մեջ: