Իրաքի արտգործնախարարությունը կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

Գործակալության տվյալներով, Թուրքիայի դեսպանին կանչել են Իրաքի ԱԳՆ որպես բողոքի նշան Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինվորականների ներկայության դեմ։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքի դեսպանին էր կանչել՝ երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայութան առթիվ իրաքյան խորհրդարանի հայտարարության կապակցությամբ։

Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել է բանաձեւ, որում բողոք է արտահայտված Մոսուլի մոտ Բաշիկ տեղանքում թուրք զինվորականների ներկայության դեմ։

Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ եւս 13 ամսով երկարաձգել է Իրաքում ու Սիրիայում երկրի զինված ուժերի օգտագործման թույլատվությունը։