Թերթն արձանագրում է, որ երեկ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում քննարկվում էր Հայաստանի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասին չէր հետաքրքրում.131 ազգընտիրներից առնվազն 110-ը բոյկոտել էին կառավարությանը:
«Թեեւ սկզբում քննարկման դահլիճը «լեփ-լեցուն» էր մոտ երկու տասնյակի հասնող պատգամավորներով` անգամ ԱԺ փոխխոսնակներն էին նստած, սակայն երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ դուրս եկավ դահլիճից, պատգամավորները կամաց-կամաց սկսեցին լքել դահլիճը: Երկու ժամ անց, արդեն ընդամենը 3-4 պատգամավոր էին մնացել դահլիճում, իսկ կառավարության ներկայացուցիչները «մենախոսում էին»: Միայն երբեմն-երբեմն Արծվիկ Մինասյանն ու Լարիսա Ալավերդյանն էին անհարմար հարցեր տալիս, մնացած դեպքերում կառավարության ներկայացուցիչներն իրենց տեր ու տիրակալ էին զգում դահլիճում»,- գրում է թերթը:




























