Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության ավագ հովիվները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու ավագ հովին Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստը:
Հայտարարությունում ասվում է.
«Մենք՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդներս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք հայտնում հոկտեմբերի 4-ին Վանաձորում տեղի ունեցած անմարդկային բռնության միջադեպի առիթով:
Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր եւ ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն եւ դաժան ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ պատճառելով նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Բռնարարքից հետո վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոստիկանությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզում է հայտարարել դեպքի վայրից հեռացած անձանց նկատմամբ:
Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ մենք հորդորում ենք հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել այս աղաղակող միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք օպերատիվ արձագանք:
Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման եւ բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսեւորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից:
Մենք տվյալ միջադեպը դիտարկում ենք հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլեւ Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ՝ մեր համակողմանի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանին, նրա ընտանիքին եւ Վանաձորի եկեղեցուն:
Մենք հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրապարակվող տեղեկությունների հավաստիությունը ճշտել հարձակման զոհ դարձած ավետարանական հովվից (հեռ.՝ 099 595947):
Լիահույս ենք, որ պատկան մարմինների պատասխանատու աշխատանքի շնորհիվ՝ միջադեպը կստանա օբյեկտիվ իրավական հանգուցալուծում:
Աղոթքով՝
Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության անունից՝
Գործող համակարգող՝
Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան
Վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի, դոկտ. Լեւոն Պարտագճյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլեւանյան
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Այսօր՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Արկադի Փելեշյանին: NEWS.am-ի տեղեկություններով, Փելեշյանը եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:
Նշվում է, որ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են:




























