Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանն արդեն վեց ամիս հոսպիտալում է:

Ծայրահեղ ծանր վիճակում Թալիշից Երեւան տեղափոխված եւ բազմաթիվ վիրահատությունների ենթարկված Ավետիսը սկսել է ոտքերը շարժել: Բժիշկների գնահատմամբ` նման հիվանդների համար սա պարզապես հրաշք է: Ծնողները լիահույս են, որ արտերկիր տեղափոխվելուց հետո Ավետիսի մոտ դրական տեղաշարժերն ավելի շատ կլինեն: Ի դեպ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում է կայացվել զինծառայողին Հնդկաստանի《Արտեմիս》բժշկական կենտրոն տողափոխելու համար: Ավետիսի հետ Հնդկաստան նաեւ մայրն է մեկնելու` որպես խնամակալ: Նշենք, որ զինծառայողի բուժման ֆինանսական միջոցները տրամադրելու է «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպությունը: Ավետիսի հարազատների խոսքով` այժմ միայն տեխնիկական հարցեր են մնացել, որից հետո Ավետիսը կտեղափոխվի:

Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Նշենք, որ Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի: