«Օրինաց երկիր» խմբակցությունը կշարունակի պայքարել արդար ընտրությունների եւ ազնիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ունենալու համար: Այս մասին հոկտեմբերի 5-ին խորհրդարանում հայտարարել է խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը՝ ելույթ ունենալով ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանի վերընտրման հարցի քննարկմանը:
Պատգամավորի խոսքով՝ ցավոք, շարքային քաղաքացիները մինչեւ հիմա չեն հավատում ընտրությունների արդարությանը: Այդ պատճառով ընտրական յուրաքանչյուր փուլից հետո երկրից արտագաղթ է սկսվում: Յուրաքանչյուր ընտրությանը ահազանգեր են ստացվում քվեաթերթիկներ լցնելու, ընտրողների եւ վստահված անձանց ճնշումների, կաշառքի մասին:
«Իրավիճակն ինչ-որ չափով կարող էին փոխել ընտրողների իրավունքների մասին տեղեկատվական հոլովակները: Դա կօգներ նրանց հասկանալ, որ քաղաքացիների վրա հոգեբանական ներգործությունն անիմաստ սպառնալիք է, եւ վերջին հաշվով, իրենց ձայներն իրենք են տնօրինում, եւ ոչ այլ մեկը: Սակայն պետական լրատվամիջոցներում այդպիսի տեղեկատվական արշավ չի կատարվում»,- նշել է Խաչատրյանը:



























