Նոր կառավարություն ձեւավորելու նպատակը մեկն է եղել՝ գտնել նոր մարդկանց, թեկուզեւ հենց միայն նրա համար, որ նոր են. հներն արդեն ալերգիա էին առաջացնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր իսկանդարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ քաղաքական իշխանության համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի եւ քաղաքական ուժերի վարկանիշը «պլինտուսից» ցածր մակարդակի էր»։

Իսկանդարյանը նկատեց, որ նոր կառավարությունը չի կարող կես տարում լուծել երկրի առջեւ կանգնած խնդիրները« Թեկուզ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած, թեկուզ կան բազում խնդիրներ, բայց այդ խնդիրներից ոչ մեկը կես տարում լուծել հնարավոր չէ։ Անհնար է՝ միանգամից լավացնել սոցիալական իրավիճակը, տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, հակամենաշնորհային օրենսդրություն ստեղծել ու այնպես անել, որ այն գործի կես տարում, անհնար է ստվերից դուրս բերել բիզնեսները, եւ այլն։ Հանրության սպասելիքները հեքիաթային են. մարդիկ փոխվում են, երջանկությունը կգա, բայց այդպես չի լինում։ Անգամ, եթե ենթադրենք, որ Հայաստանից կարելի է Շվեյցարիա ստանալ, ապա այդ Շվեյցարիան պետք է երկար ժամանակահատվածում ստանալ, կես տարում Հայաստանը Շվեյցարիա դարձնել հնարավոր չէ»։