Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված 24-ամյա Նարեկ Սարգսյանի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Նարեկի կինը՝ Էմմա Սարգսյանը:

«Անապահով ընտանիք ենք, մեկ 5-ամյա տղա ունենք, որի սնունդի հարցը չենք կարողանում լուծել: Ինքս աշխատում եմ, որ կարողանամ լուծել այդ հարցը, բայց ժամանակավոր աշխատանք է դաշտում, մեկ ամսից կավարտվի, ու չգիտեմ՝ ոնց եմ երեխային պահելու»,- ասաց Էմմա Սարգսյանը:

Սարգսյաններն ապրում են Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում: Կինը մինչեւ այժմ չի կարողացել անգամ տեսակցության գալ ամուսնուն:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևանում զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ հասցնելով նրանց:

Նույն մեղադրանքով կալանավորված է եւս 4 հոգի: Նրանք գործի դատաքննությունը սկսվել է: