Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ավերակների վերածված տունը վերակագնելու, թանգարան դարձնելու հարցը դեռ լուծում չունի։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ այդպիսի հուշարձաններ կան, որոնք տեսնելուց հետո հուզվում ես ու որակում՝ ավերակների են վերածվել, սակայն այդ խնդիրների լուծումները դեռ չկան։
«Մենք ունենք շատ պատմամշակութային հուշարձաններ ու եթե գնանք տեսնենք, շատ հուզված կվերադառնանք այնտեղից ու նույն որակումը կտանք՝ ավերակների է վերածվել։ Պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել այս ամենին, պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ՝ մասնավորին ներգրավվելով։ Մինչեւ մենք մասնավորին չներգրավվենք, պետությունը չի կարող լուծել»։
Դիտարկմանը, թե մինչեւ իր նշած ենթակառուցվածքները ստեղծեն, այդ հուշարձանները, Արամ Մանուկյանի տունն ամբողջությամբ կփլվի, մինչդեռ պետբյուջեով նախատեսված գումարից կարող եմ հատկացնել եւ խնդիրները առաջնահերթ համարել։ Արմեն Ամիրյանն այս դեպքում առաջարկում է դրամահավաք հայտարարել։
«Եկեք միասին դրամահավաք հայտարարենք եւ փորձենք ազգովի լուծել խնդիրը։ Նայում եմ բյուջեով սահմանված հիմիկվա ծախսերը, տարվա կտրվածքով բոլոր ծախսային հոդվածներով ծախսումներն արված են, հիմա եթե խոստանամ՝ Արամ Մանուկյանի տան հարցը կարող եմ լուծել, պարզապես խաբած կլինեմ։ Չեմ ուզում ստել, կարելի է իրատեսական լինել։ Կարելի է հարցերը հնչեցնել եւ օդում կախել հարցերը։ Ես կամ դուք եթե չունենք իրատեսական լուծումներ, դա պարզապես ստացվում է հարցը օդում հնչեցնել։ Պետք է լուծումներ գտնել՝ մասնավորին ներգրավվելով»։




























