Միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք: Այս մասին հոտկեմբերի 5-ի երեկոյան հայտարարություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Հոկտեմբերի 5-ին, իր մանդատի համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը մշտադիտարկում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Դիտարկումից հետո դեսպան Կասպշիկը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ինչպես միշտ, կողմերը տեղեկատվություն են տրամադրել շփման գծում տիրող իրավիճակի մասին, ներառյալ նախորդ մշտադիտարկումից հետո գրանցված հրադադարի խախտումների մասին: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահին:

Իրենց հրապարակումներում ԶԼՄ-նեը երբեմն նշում են, որ իմ գրասենյակը չի արձանագրում հրադադարի խախտումները կամ չի մատնանշում պատասխանատու կողմին: Նրանք միգուցե նկատի ունեն այն հանգամանքը, որ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել մեր անցկացրած մշտադիտարկման ընթացքում, երբ մեր գրասենյակի ներկայացուցիչներն առաջնագծում են լինում:

Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ:  Մեր բացակայության դեպքում, մենք հիմնվում ենք այն տեղեկատվության վրա , որը մեզ տրամադրում են տեղում գտնվող հրամանատարները:

Կցանկանայի վերահաստատել, որ մեր մանդատով մենք չենք կարող միջադեպերի հետաքննություն անցկացնել:

Ապրիլյան բախումներին հաջորդող վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն անխոնջ աշխատել են իրավիճակը կայունացնելու եւ բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ, իսկ մշտադիտարկման արդյունքում տրամադրված տեղեկատվությունն այս գործընթացի անհրաժեշտ մասն է կազմում: Այս ջանքերը շարունակական են», ասել է Անջեյ Կասպշիկը: