Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն ավստրիացի Պետեր Զայզենբահերին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել երկու անչափահաս աղջիկների բռնաբարության համար։

haqqin.az-ը հայտնում է, որ նա այդ աղջիկներին մարզում էր Վիեննայում 2000-ականների սկզբին։ Վիեննայի դատախազությունը հայտնել է, որ ենթադրվող հանցագործությունները կատարվել են 1999-2004 թթ․ ժամանակահատվածում։ Տուժածները որոշել են դիմել իրավապահ մարմիններին միայն 2013-ին։ Այդ ժամանակվանից ի վեր կատարվում էր հետաքննություն ու հիմա Զայզենբահերի դեմ մեղադրանք է առաջադրվել։

Հայտնում են, որ Զայզենբահերն աղջիկներից մեկին բռնաբարել էր 1999-ին, երբ աղջիկն ընդամենը 11 տարեկան էր, իսկ հետո եւս մի քանի անգամ բռնաբարել է նրան մինչեւ 2002 թ։ Բացի դրանից 2004-ին նա «հարձակվել էր» մի 13-ամյա աղջկա վրա։ Նրան նաեւ մեղադրում են 2001-ին Խորվաթիայում մի 16-ամյա մարզուհու բռնաբարելու փորձի համար, հայտնում են ավստրիական լրատվամիջոցները։

Եթե նրա մեղքն ապացուցվի, 56-ամյա մարզիչին սպառնում է մինչեւ 10 տարի ազատազրկում։ նրա փաստաբանը հայտնել է որ իր պաշտպանյալը գիտակցում է այդ մեղադրանքների ամբոջ ծանրությունը, բայց չի մեկնաբանի դրանք՝ «մեդիա կրկես չսկսելու համար»։ «Հիմա նա Ադրբեջանում է ու Վիեննա կժամանի դատավարությանը մասնակցելու համար»,- նշել է փաստաբանը։